Չնայած նրան, որ որոշ մասնագիտական «համայնքներում» դեռ բանավիճում են՝ արդյոք վերականգնողական աշխատանքները պետք է սկսել վաղ տարիքից, անգամ երբ չկա հստակ ախտորոշում, թե սպասել ընդունված 3 տարեկանի շեմին, վերջին հետազոտություններն ապացուցում են, որ վաղ միջամտությունն աուտիզմ ախտորոշման պարագայում կամ անգամ չնչին կասկածի դեպքում, թիրախային խմբի հետագա զարգացման վրա ու հետագա կյանքի որակի վրա հիմնարար ազդեցություն է ունենում։
Արտերկրում աշխատող միջազգային որակավորում ունեցող բոլոր մասնագետները միաբերան կոչ են անում ծնողներին անհապաղ դիմել մասնագետներին՝ անգամ եթե չկա օֆիցիալ հաստատված ախտորոշում։
2019 թ․-ի դեկտեմբերին մանկաբույժների ամերիկյան ասոցիացիան լայնածավալ աշխատություն /փաստաթուղթ է հրապարակել աուտիզմի ոլորտում կատարված կլինիկական լայնամասշտաբ հետազոտությունների մասին, որտեղ համապարփակ կերպով ներկայացվել են վերջին 12 տարվա ընթացքում ոլորտում կատարված ուսումնասիրություններն ու կլինիկական հետազոտությունները։ Այս 12 տարիների ընթացքում փոփոխվել են ախտորոշման այնպիսի կատեգորիաները, ինչպիսիք են Ասպերգերի համախտանիշն ու զարգացման պերվազիվ խանգարումը։ Եթե նախկինում մարդիկ կարող էին ստանալ նաև այս 2 ախտորոշումները որպես աուտիզմի սպեկտրի խանգարումներ (ԱՍԽ), ապա հիմա նման տարանջատում այլևս չկա։
Աշխատության մեջ առանձնացվել են աուտիզմ ախտորոշմանը բնորոշ դիագնոստիկ հետևյալ հիմնական առանձնահատկությունները՝ սոցիալական փոխազդեցության խանգարումները, բանավոր խոսքի խանգարումները, այդ թվում ոչ վերբալ հաղորդակցման ու խոսքի ընկալման խնդիրները, շրջակա միջավայրի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրության սահմանափակումները կամ որոշ դեպքերում բացակայությունը, ինչպես նաև՝ ստերեոտիպային վարքերը, կրկնվող միօրինակ վարքային դրսևորումները և սենսորային ընկալման խանգարումները։
Բժիշկ Սյուզան Հեյմանը՝ Ռոչեստերյան Համալսարանին կից գործող մանկական հոգեբուժական բաժանմունքի գլխավոր բժիշկը, ով հանդիսանում է վերը նշված զեկույցի հեղինակը, վստահ ընդգծում է , որ վերջին 12 տարիների ընթացքում անշուշտ շատ բան է փոխվել։ Բժիշկը հատկապես մատնանշում է բժիշկների իրազեկվածության մակարդակի բարձրացումը աուտիզմ ախտորոշման և հարակից առկա առողջական խնդիրների/ հիվանդությունների մակարդակում, որոնց կարգավորումը հստակ անդրադառնում է նման ախտորոշում ունեցող մարդու կյանքի որակի վրա։
Երկրորդ՝ ամենակարևոր հենակետերից մեկը, ընտանիքի/միջավայրի ներգրավածությունն է նման ախտորոշում ունեցող մարդու վերականգնողական ոլորտի կազմակերպման ընթացքում ՝ հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները։
Զեկույցի համահեղինակ՝ Ֆիլադելֆիայի մանկական հոգեբուժական ծառայությունների գլխավոր մասնագետ Սյուզն Է. Լևին էլ ողջ շեշտադրումը դնում է վաղ միջամտության վրա. անգամ եթե դեռ չկա հստակ ախտորոշում՝ պնդելով, որ նման թերապևտիկ աշխատանքները ոչ մի կերպ մարդուն վնասել չեն կարող։
Թարգմանությունը՝ Տաթևիկ Ստեփանյանի
Հոդվածի աղբյուր՝ The New York Times