stress-management

Սթրեսի կառավարումը հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողների համար

Սթրեսի կառավարումը կարևոր հմտություն է յուրաքանչյուր ծնողի համար, բայց այն հատկապես կարևոր է հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողների համար։ Ծնող լինելը արդեն իսկ մեծ պատասխանատվություն է։ Առավել մեծ պատասխանատվություն է լինել հատուկ կարիքներ ունեցող երեխայի ծնող։ Հատուկ կարիքներ ունեցող երեխայի ծնող լինելով՝ առաջ է գալիս տիպիկ ծնողական սթրես, որն ուղեկցվում է նաև առանձնահատուկ մարտահրավերներով։

Մենք ցանկանում ենք քաջալերել հատուկ կարիքներով երեխաներ ունեցող ծնողներին և նրանց հետ կիսվել իրենց պես ծնողների մտքերով։ Այստեղ կարող եք նաև շատ օգտակար խորհուրդներ ստանալ։

Հիթեր ՄըքՔեին (5 երեխաների մայր, նաև հատուկ կարիքներով երեխայի ծնող/փաստաբան)

Իմ կարծիքով, երևի թե բոլոր ծնողներն են գերհոգնածություն զգում ծնողական բոլոր պարտականությունները համատեղելիս։ Թվում է` գոյություն ունի անելիքների անվերջ ցուցակ, բայց երբեք չկա բավական ժամանակ այդ ամենը ավարտին հասցնելու համար։ Հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողների ցուցակը ավելի երկար է, բայց նրանք նույնպես, մյուսների նման, ունեն ընդամենը 24 ժամ։ 

Մեր ցուցակները ներառում են դեղորայքի ընդունում, հաճախակի ստուգումներ, թերապիայի բազմաթիվ տեսակներ, թղթաբանություն, անվերջ հեռախոսային զանգեր, բժշկական սարքավորումների օգտագործման դասեր և այդպես շարունակ։ Հաճախ կարիք է լինում կերակրել, հագցնել կամ լողացնել մեր երեխաներին, ովքեր արդեն վաղուց էլ մանուկներ չեն։ Մենք ստուգում ենք, որպեսզի չվերջանա այն դեղորայքը, որից կախված է մեր երեխայի կյանքը, կամ տակդիրները, որոնք այնպիսի չափսերի են, որ չեն վաճառվում դեղատներում և պետք է ձեռք բերվեն բժշկական  պարագաներ արտադրող ընկերություններից։ Ինչ-որ տեղ գնալիս, մենք պետք է համոզվենք, որ այդ տեղը հասանելի և հարմար է նաև երեխայի կարիքների համար։ Պատկերացրեք, որ սա դեռ նվազագույնն է, որ կարիքներ ունեցող երեխայի ծնողը պարտավոր է անել, հիշել կամ ուղղակի իմանալ։

Եթե կարծիք կձևավորվի, որ ես բողոքում եմ, հավատացեք, դա այդպես չէ։ Սա մի բան է, որի միջով անցնում են բոլոր ծնողները, ովքեր ունեն հատուկ կարիքներով երեխա։

Դա մի վիճակ է, երբ դու այնքան հոգնած ես, որ նույնիսկ չես կարող ստիպել ինքդ քեզ բացել ընդամենը մեկ նամակ, կամ ստուգել ձայնային փոստը, որովհետև չես ցանկանում ևս մեկ գործողություն ավելացնել ցուցակիդ, նույնիսկ եթե դա այնպիսի չնչին առաջադրանք է, ինչպիսին ինչ որ մեկին զանգահարելն է։

Դա մի վիճակ է, ինչը դու զգում ես գիշերվա կեսին տակդիր կամ սավան փոխելիս, ինչը դու անում ես վերջին 9 տարիներին։ Կամ 20։ Կամ 42․․․

Դա` կարիերայից և հետագա պլաններից հրաժարվելն է։

Դա զգալն է, որ դու շատ քիչ վերահսկողություն ունես այն ամենի վրա, ինչը կատարվում է քո երեխայի հետ, և հուսահատորեն ցանկանում ես նրան պաշտպանել։

Դա հասարակական վայրում անկարողությունդ պրոֆեսիոնալի պես հաղթահարելն է, որ հետո փակվես լոգարանում ու լացես ամբողջ գիշեր։

Դա ծանր մեղավորության զգացումն է, որը զգում ես մյուս երեխաներիցդ հեռու լինելու պատճառով, երբ հիվանդանոցում նստած ես միայն մեկի հետ։ 

Դա` ապագայից վախենալն է և ներկայում ապրելն է…

Մարդու հոգեպես սպառվելը իրական է։ Ես դա չեմ ասում խղճահարության ակնկալիքով, պարզապես կիսվում եմ իմ և շատերի իրական կյանքով։ Եվ այս ամենը ընդհանրապես չի ազդում մեր` մեր երեխաների հանդեպ ունեցած սիրո վրա։ Հավատացած եղեք, մենք նրանց այնքան ենք սիրում, որ նրանց յուրաքանչյուր կարիքը վեր ենք դասում մեր սեփականից։

Մյուս անգամ, հատուկ կարիքներով երեխայի ծնող տեսնելիս, «Չգիտեմ, թե ինչպես եք անում այս ամենը»(հավատացեք, մենք էլ չգիտենք), կամ «Ես չէի կարող անել այն, ինչ դուք եք անում»(հավատացեք, կանեիք, եթե ձեր երեխան լիներ) արտահայտությունները անելու փոխարեն, պարզապես ժպտացեք և ասացեք, որ մենք ամեն ինչ շատ լավ ենք անում։ Երբեմն, դա այն ամենն է, ինչ մենք ցանկանում ենք լսել, և այն ամենն է, ինչ մեզ օգնում է առաջ շարժվել։ 

Կարդացեք ամբողջական հոդվածն այստեղ։

Քեյթ Սվենսոն (2 երեխաների մայր, որոնցից մեկը ոչ վերբալ է և ունի ծանր աուտիզմ)

Լինում են օրեր, երբ ես ինձ ավելի շատ զգում եմ որպես անձնական խնամքի օգնական, քան որպես մայր․․․

Ես երբեմն թույլ եմ տալիս ինքս ինձ մտնել զգացմունքների թունել, որն առաջանում է ծանր աուտիզմով երեխա մեծացնելիս։

Ինքնախղճահարությունը։ «Ինչո՞ւ ես»-երը։ «Սա արդար չէ»-ները։ «Ես չեմ կարող այսպես ապրել ամբողջ կյանքս»… Նախ, եկեք ավելի պարզ․․․ Ես իմ որդուն ավելի շատ եմ սիրում, քան բառերը կարող են բնութագրել։ Նա իմ ամբողջ կյանքն է։ Նա իմ առաքելությունն է։ Նա իմ ուրախությունն է։

Բայց նրա խնամքը երբեմն ավելի սթրեսային է, քան ես կարող եմ տանել։ Մենք մտնում ենք նոր աշխարհ։ Նա մեծանում է։ Իսկ ես մնում եմ նույն չափսերի։

Անհանգիստ և նյարդային նորածնի խնամելը մի բան է։ Իսկ 60 ֆունտ կշռող 6 տարեկանի խնամելը, ով նաև ունի աուտիզմ` լրիվ այլ բան։

Ես դեռևս չեմ վախենում որդուցս։ Բայց հնարավոր է դա տեղի ունենա ապագայում։ Փոքրիկ տղաները վերածվում են դեռահասների, ովքեր էլ իրենց հերթին վերածվում են տղամարդկանց։

Ես լսել եմ խնամակալների գերհոգնածության մասին, և եթե դուք էլ փնտրեք տվյալ տերմինը, կգտնեք նյութեր դրա մասին։ Տերմինը սովորաբար վերաբերում է այն խնամակալներին, ովքեր խնամում են մեծահասակների։

Իմ որդուն խնամելը 24 ժամյա աշխատանք է։ 

Կարդացեք ամբողջական հոդվածն այստեղ։

Խորհուրդներ ծնողների և խնամակալների համար

Այս խորհուրդները ձեզ կօգնեն կառավարել սթրեսը և ապրել ավելի երջանիկ կյանքով։ Զարգացնելով սթրեսի կառավարման հմտությունները դուք նաև կձևավորեք կարևոր հմտություններ ձեր երեխաների մոտ։

Լավատեսություն

Սովորեք լավատես լինել։ Փորձեք այլ կերպ օգտագործել ձեր մեջ կուտակված նեգատիվ էներգիան.

  • Պատկերացրեք խնդիրների լավագույն, վատագույն և հնարավոր արդյունքները, և մտածեք, թե ինչպես կվարվեք հնարավոր արդյունքի դեպքում։
  • Շրջապատեք ինքներդ ձեզ պոզիտիվ մարդկանցով և հեռու մնացեք նեգատիվ իրավիճակներից։

Սահմանափակեք սթրեսը` ընդունելով ձեր սահմանները 

Սթրեսային իրավիճակների տարօրինակությունը այն է, որ ինչքան շատ ենք մենք սթրես տանում դրանց պատճառով, այնքան ավելի է ծանրանում իրավիճակը։ Մեզ բնազդաբար անհանգստացնում են այն իրավիճակները, որոնք մենք կառավարել չենք կարող, բայց կարևոր է սովորել ընդունել մեր հնարավորությունների սահմանները։

Պլան և ժամանակացույց

Պլանավորումը սթրեսը նվազեցնելու հիանալի տարբերակ է։ Դա կարող է լինել պարզ պլան՝ մի քանի րոպեում գրի առնել և դասակարգել տվյալ օրվա ամենակարևոր առաջադրանքները։ Դուք և ձեր երեխան կարող եք օգուտ քաղել լավ պլաններ ծրագրելու սովորույթից։

Ձեր ֆիզիկական կարիքները հոգալը նվազեցնում է սթրեսը

Հաճախ ծնողները` առօրյա թոհուբոհի մեջ, շատ քիչ ժամանակ են հատկացնում իրենց ֆիզիկական կարիքների համար։Հետևեք առողջ սննդակարգի, սովորեք առողջ քուն ստանալ չնայած սթրեսի առկայությանը և փորձեք ժամանակ տրամադրել մարզումներին։

Ժամանակ գտեք ծիծաղելու համար

Հումորի համար ժամանակ գտնելը շատ կարևոր է թե’ տանը, և թե’ աշխատանքի վայրում։ Անվնաս հումորը հիանալի միջոց է տրամադրությունը բարձրացնելու և աշխատավայրում հարաբերությունները ամրապնդելու համար։ Այն նույնիսկ կարող է ամրապնդել ձեր հարաբերությունները ձեր ամուսնու և երեխաների հետ։ Հումորը օգնում է հաղթահարել սթրեսը դժվար իրավիճակներում։

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով