Ինչպե՞ս են հաղթահարում աուտիզմը հայտնի մարդիկ



Ապրիլի 2-ը Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրն է (2008թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշման համաձայն):

Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որն ազդում է ուղեղի կանոնավոր զարգացման, բնականոն աշխատանքի վրա և խոչընդոտում հաղորդակցման հմտությունների զարգացմանը: Դա հանգեցնում է շփման, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության և կրկնվող վարքագծի տարբեր աստիճանների դժվարությունների: Աուտիզմը հիմնականում ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում։

Սակայն աուտիզմը մի շարք խանգարումների հետ մեկտեղ ունի նաև չուսումնասիրված, բայց ակնհայտ յուրահատկություններ։ Աուտիզմ ունեցող յուրաքանչյուր անհատ ինքնատիպ է։ Աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող բազմաթիվ մարդիկ բացառիկ տեսողական, երաժշտական, նկարչական կարողություններ ունեն, ինչպես նաև աչքի են ընկնում գիտության բնագավառում։

Աուտիզմին բնորոշ հատկությունները ուղեկցում են մարդուն ամբողջ կյանքի ընթացքում, սակայն, ինչպես տեսնում ենք, դրանք չեն խանգարել հայտնի մարդկանց հաղթահարել խոչընդոտները և դառնալ այն, ինչ հիմա կան։ Ստորև կներկայացնենք մի քանի օրինակ, թե ինչպես «ապրել» աուտիզմի հետ։

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Հայտնի է, որ Մոցարտը ուներ հարուստ դիմախաղ և հաճախ էր կատարում կրկնվող շարժումներ, որոնք հատուկ են աուտիզմի սպեկտրի խանգարումներին։ Նա շատ զգայուն էր բարձր ձայների նկատմամբ և ինչպես ինքն էր հաճախ ասում, դրանք նրան ցավ էին պատճառում։ Մոցարտը խնդիրներ ուներ հաղորդակցման մեջ և հաճախ էր հունից դուրս գալիս։ Նրա մոտ կար էխոլալիա, ինչը մասնագետների կարծիքով աուտիզմ ունեցող մարդկանց համար շատ հաճախ շփման յուրօրինակ տարբերակ է։ Բայց այս ամենը չխանգարեց Մոցարտին 5 տարեկանում գրել իր առաջին ստեղծագործությունը։

Դերիլ Հաննա

Հոլիվուդյան դերասանուհի Դերիլ Հաննան իր ախտորոշումը ստացել է վաղ մանկության տարիքում։ Նա մշտապես խնդիրներ էր ունենում հաղորդակցման մեջ և ուշադրության կենտրոնում հայտնվելիս։ Կինոարվեստից հեռացած դերասանուհին պատմում է, որ ուշադրության կենտրոնում հայտնվելը նրան խենթացնում էր և չափազանց վախեցնում, այդ պատճառով նա միշտ հրաժարվում էր հարզացրույցներ տալ և մասնակցել հեռուստաշոուների։ Այժմ նա ապրում է իր սիրելիի հետ Լոս Անջելեսի արվարձաններից մեկում տեղակայված ֆերմայում, խնամում է կենդանիներին և ակտիվորեն մասնակցում բնապահպանական շարժումներին։ Ըստ իր խոսքերի, հիմա նա շատ երջանիկ է։

Դոն Պրինց Հյուզ

autism

Բազմաթիվ գրքերի հեղինակ, անթրոպոլոգ, գիտությունների թեկնածու, գորիլաների վարքագծի վերաբերյալ աշխարհում առաջատար մասնագետ: Դոն Պրինց Հյուզին ախտորոշում դրվել է հասուն տարիքում, սակայն խնդիրների նա հանդիպել է վաղ տարիքից․ միջավայրային չնչին փոփոխությունները, ձայները պատճառ էին դառնում ագրեսիվ վարքի դրսևորման։ Հանգստանալու համար նա ժամեր շարունակ ուսումնասիրում էր մշտապես իր մոտ գտնվող բաժակը։ Զգայական խնդիրները թույլ չէին տալիս նրան կենտրոնանալ և շփվել հասակակիցների հետ։ Ամեն ինչ փոխվեց, երբ նա առաջին անգամ այցելեց կենդանաբանական այգի։ Ինչպես հետագայում պատմում է նա, այն պահին, երբ առաջին անգամ տեսավ գորիլաներին, ամեն վառ ու աղմկոտ բան շրջապատում վերացավ։ Նրան հիացրել են գորիլաների դանդաղ, բայց մտածված շարժումները, ինչը մարդկանց ակտիվ հաղորդակցման և շարժումների հակառակն էր։ Այդ դեպքից հետո, նա սկսել է ամեն օր այցելել գորիլաներին, և մի օր էլ նկատել վարքագծային փոփոխություն այգու գորիլայի մոտ։ Դա հնարավորություն է տվել ճիշտ ժամանակին ախտորոշել երիկամային խնդիրը գորիլայի մոտ և փրկել նրան։ Կենդանաբանական այգու տնօրենը, նկատելով աղջկա ընդգծված տաղանդը, հետագայում օգնել է Դոն Պրինց Հյուզին ստանալ դպրոցական վկայական, ընդունվել համալսարան, որտեղ էլ հաջողությամբ պաշտպանել է գորիլաների վարքագծային փոփոխությունների մասին իր աշխատությունը։

Դեն Էյքրոյդ

Կանադացի դերասանը խոստովանել է, որ եթե չլիներ իր ախտորոշումը, նա չէր կարողանա խաղալ իր ամենահայտնի դերերից մեկը «Ուրվականների որսորդները» ֆիլմում։ Ինչպես հայտնի է, աուտիզմ ունեցող մարդկանց հետաքրքրությունները շատ սահմանափակ են, սակայն ինչ նրանց հետաքրքրում է, նրանք դրանում խորանում են 100%-ով։ Նկարահանումների ժամանակ Դենը տարված էր ուրվականներով, ինչը օգնել է նրան ամբողջությամբ մտնել դերի մեջ։ 

Բացի վերոնշյալ անձանցից աուտիզմի խնդրին բախվել են նաև մի շարք այլ հայտնի մարդիկ, ինչպիսիք են միլիոնատեր Բիլ Գեյթսը, Էյնշտեյնը, Դարվինը, ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆֆերսոնը, ռեժիսոր Սթենլի Կուբրիկը և այլն։
Իսկ Գրեմմի մրցանակակիր աշխարհահռչակ երգչուհի Թոնի Բրեքսթոնը պատահմամբ չէ աշխարհում աուտիզմի առաջատար կազմակերպություններից մեկի՝ “Autism Speaks“-ի խորհրդի անդամ։ Նա խորհրդի անդամ է դարձել այն բանից հետո, երբ նրա տղային վաղ տարիքում  ախտորոշել են աուտիզմ։ Հսկայական վերականգնողական աշխատանքներից հետո այժմ նրա տղան հաճախում է հանրակրթական դպրոց։

Իսկ “Jenny McCarthy’s Autism” ՀԿ-ի հիմնադիրը ամերիկյան հայտնի դերասանուհի Ջեննի ՄակԿարտին է, ում տղան ևս ունի աուտիզմ ախտորոշումը։ Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել է, որ շնորհիվ թերապիաների այժմ իր տղան սկսել է շփվել և փոքրիկ քայլեր է անում ընկերներ ձեռք բերելու ուղղությամբ։ Դերասանուհին կոչ է անում բոլոր ծնողներին չհանձնվել։

Սրանք բազմաթիվ հաջողության պատմություններից մի քանիսն են ընդամենը։ Եվ թեպետ աուտիզմը վերջնականապես չի շտկվում, այնուամենայնիվ, ժամանակին և ճիշտ իրականացվող աշխատանքները կարող են դրական ազդեցություն ունենալ երեխայի զարգացման վրա: Վաղ տարիքում նրանց հմտությունների և հետաքրքրությունների բացահայտումը հնարավորություն կտա նրանց հետագայում լուծելու իրենց զբաղվածության խնդիրը, և միգուցե, աշխարհին նոր հանճարներ պարգևի 🙂



Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով